Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր
Մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը, որն այս տարի անցկացվում է 12-րդ անգամ: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացող նախագծի նպատակն է հնարավորություն ընձեռնել պատանի կոմպոզիտորներին՝ ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի անդամ:
Այս տարի նախագծին իրավունք են ստացել մասնակցելու թվով 20 պատանի հայազգի կոմպոզիտոր, ովքեր բաժանվել են երկու տարիքային խմբի: Կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) ընդգրկված են Ադրիանա Շահինյանը, Արիանա Ավետիսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Արթուր Գրիգորյանը, Գագիկ Ավետիսյանը, Լիանա Մազմանյանը, Մոնթե Միքայելյանը, Մոնիկա Ավագյանը, Յուրի Ավագյանը, Նատալի Եղիազարյանը, Ռուբեն Հարությունանը, իսկ Ավագ խմբում՝ (14-18 տարեկան) Արամ Ասմանգուլյանը, Արեն Աբգարյանը, Արտաշես Մոսիկյանը, Գարիկ Հարությունյանը, Էրիկ Ասատրյանը, Էդուարդ Ղազարյանը, Նորայր Նիկողոսյանը, Սյուզաննա Աղամալյանը, Վիլյամ Չիլինգարյանը:
Նշենք, որ Ժյուրիի կազմում են ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Ռուբեն Ասատրյանը, Էդուարդ Հայրապետյանը, Աննա Ասատրյանը, մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը, մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը: Ժյուրիի նախագահն է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը:
Մայիսի 12-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա մասնակիցների վիճակահանության արարողությունը, իսկ մայիսի 13-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում, մրցութային առաջին փուլը: Կրտսեր խմբի մասնակիցներն առաջին փուլում կներկայացնեն մեկ երգ՝ գրված հայ հեղինակի հայալեզու բանաստեղծության հիման վրա, իսկ Ավագ խմբի մասնակիցները՝ մեկ անսամբլային ստեղծագործությունը՝ առավելագույնը 4 գործիքի համար:
Մայիսի 15-ին կկայանա երկրորդ փուլը, որի շրջանակներում մասնակիցները կներկայացնեն մենանվագ ստեղծագործություն՝ ցանկացած գործիքի համար:
Մրցույթի գալա համերգ-մրցանակաբաշխությունը կկայանա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ ելույթ կունենան մրցանակակիրները: Սկիզբը՝ 19:00: Մուտքն ազատ է:
Գալա համերգից երեք օր անց նախագծի այս տարվա մրցանակակիրները ելույթ կունենան նաև Վանաձորում:
Հավելենք, որ բոլոր մասնակիցները կստանան խրախուսական նվերներ, պատվոգրեր, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև անվանական գավաթներ և դրամական պարգևներ: Դրամական պարգևներ կստանան նաև մրցանակակիրների ուսուցիչները: