Էդվարդ Միրզոյանը ծնվել է 1921 թվականի մայիսի 12-ին՝ ք. Գորիում (Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն: Մորական պապը վրաց արքունիկում ընդունված Փերշանգովների հայկական տոհմից է եղել, իսկ տատը՝ մտավորականների ազնվական ընտանիքից:
Մայրը՝ Լյուսյա Բոգդանովնա Փերշանգովա- Միրզոյանը բազմակողմանի հետաքրքրությունների տեր անձնավորություն է եղել, աշխատել է Գ.Սունդուկյանի անվան, Երևանի օպերային թատրոնի երգչախմբում: Էդվարդ Միրզոյանի հայրացուն՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Միքայել Միրզայանը (1888 թ., Թիֆլիս — 1958 թ., Երևան), կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ էր։ Գրել է հիմնականում կամերային գործեր, խմբերգեր, ռոմանսներ, մանկական օպերային պատկերներ, երգեր («Տոնածառ ջան, տոնածառ», «Ծիտիկի երգը» և այլն)։
1924 թվականից Էդվարդ Միրզոյանը տեղափոխվել է Երևան: Սկզբում հաճախել է Խ.Աբովյանի անվան հանրակրթական, ապա Ս.Շահումյանի անվան և Ն.Կռուպսկայայի անվան դպրոցները: 8 տարեկանում ընդունվում է Պրոֆշկոլա (ներկայիս՝ Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց)՝ Աննա Մնացականյանի դաշնամուրային դասարան: 11 տարեկանում գրել է պիես դաշնամուրի համար, ինչը Մ.Միրզայանի խորհուրդով ցույց է տվել Ռոմանոս Մելիքյանին և արժանացել նրա գովասանքին:
1941 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Օ.Բաբասյանւ դաշնամուրի և Վ. Տալյանի ստեղծագործական դասարան): 1946-1948 թվականներին կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1948 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1965 թվականից՝ պրոֆեսոր)։ Եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության երկարամյա նախագահը (1956-1991 թթ.):
Միրզոյանի ստեղծագործություններում առանձնանում են Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները («Ասում են, թե…», «Երազ տեսա» և այլն), «Հայրենիքն է կանչում» խմբերգը։ Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Ինտրոդուկցիա և Անընդհատ շարժում» (ջութակի և նվագախմբի համար) գործերը։ Կոմպոզիտորի Լարային կվարտետը հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է։ Հայրենասիրական շնչով են տոգորված «Հայաստան», «Տոնական» և այլ կանտատներ։
Հայկական ակադեմիական երաժշտության նվաճումներից են Թավջութակի և դաշնամուրի սոնատը, Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի և լիտավրների համար։ Գրել է նաև «Ալբոմ թոռնիկիս համար» («Առավոտ», «Մարիամ» և այլն), Պոեմ՝ դաշնամուրի, Պոեմ-էպիտաֆիա՝ կամերային նվագախմբի համար, և այլ գործեր։ Միրզոյանը գրել է նաև կինոերաժշտություն (գեղարվեստական՝ «Փլուզում», 1959 թ., «Քաոս», 1974 թ., «Հեղկոմի նախագահը», 1977 թ., «Աքսորական դ 011», 1979 թ., «Խաչմերուկի դեղատունը», 1988 թ., վավերագրական՝ «Այսօր արևոտ օր է», 1975 թ., բոլորը՝ Հայֆիլմ)։

Միրզոյանի աշակերտներից են կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Վաչե Շարաֆյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արամ Սաթյանը և ուրիշներ։ 1956-1991 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության, 1977 թվականից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009 թվականից՝ պատվավոր) նախագահ։

Էդվարդ Միրզոյանը ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է: Գիտությունների, կրթության, արդյունաբերության և արվեստների Միջազգային ակադեմիայի (ԱՄՆ), Բնության և հասարակության մասին գիտությունների Միջազգային ակադեմիայի ) իսկական անդամ, Երևանի և Գյումրիի պատվավոր քաղաքացի: Լենինի, «Կիրիլ և Մեֆոդի» 2-րդ աստիճանի (1971 թ., Բուլղարիա), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (2001) Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ
Մեսրոպ (2001 թ.), «Պետրոս Մեծ» (2005 թ., Գերմանիա), Պատվո (2011 թ.) շքանշանակիր է, Մովսես Խորենացու (1998 թ.), ՀՀ ԳԱԱ ոսկե, Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային (2006 թ.), «Եկատերինա II» (2006 թ., ՌԴ) մեդալակիր:
Էդվարդ Միրզոյանը մահացել է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին՝ Երևանում։ Նրա մարմինը հանգչում է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ 2013 թվականից կոմպոզիտորի անունով է կոչվում Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը: