ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՊՐԵԼՈՒ ԻՄԱՍՏ Է»
Միրզոյանական ընտանիքի անբաժան մաս է կազմում Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի կրկնակի հաղթող (Ավագ խումբ), կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը, ում հետ էլ եւ զրուցել է Mirzoyan.am-ը:
— Ի՞նչ է երաժշտությունը
Երաժշտությունը զգացմունք է, ինձ համար ապրելու իմաստ:
— Ի՞նչ մաս է կազմում երաժշտությունը քո կյանքում
— Առօրյայիս հիմնական մասն է, օր է լինում՝ առավոտ 9-ից մինչեւ ուշ գիշեր
զբաղվում եմ երաժշտությամբ:
— Ինչ ես կարծում, ո՞վ է կոմպոզիտորը
— Կոմպոզիտորը երաժշտության հետ հարաբերության մեջ է հարց—պատասխանի
շրջանակներում:
— Ունե՞ս մի ստեղծագործություն, որը, ըստ քեզ, լավագույնն է քո ստեղծագործությունների շարքում կամ արդյո՞ք գրել ես քո կյանքի լավագույն ստեղծագործությունը
— Ավելի հետաքրքիր է, եթե անգամ ես գրած էլ լինեմ, չեմ ուզենա դա ընդունել,
որովհետեւ ամենահետաքրքիրը ճանապարն է մինչեւ ինչ—որ մի բանի հասնելը:
—Եթե կյանքում հանդիպում ես դժվարությունների, ո՞րն է դրանցից դուրս գալու
ճիշտ տարբերակը
— Ամենադժվար պահերին ես երաժշտությամբ եմ զբաղվում, նաեւ հոգեւոր
զրույցներ ունենում: Այ այդ ժամանակ առավել պարզ է լինում դժվարություններից
դուրս գալու ճանապարհները:
— Երաժշտությո՞ւնը ընտրեց քեզ, թե՞ դու ընտրեցիր երաժշտությանը
— Ես եմ ընտրել, բայց հետո ինքը հաստատեց այդ ընտրությունը:
—Ինչո՞վ ես զբաղվում հիմա
—Բերդ քաղաքի մշակույթի տանը երգչախումբ ունեմ, նաեւ գեղարվեստական
մասի պատասխանատուն եմ, համերգներ, միջոցառումներ, նաեւ
պարապմունքներ…, կարելի է ասել՝ հագեցած մշակութային առօրյա: Իմ
աշխատանքային օրը սկսում է 9-ից, ես միշտ այնտեղ երաժշտության մեջ եմ,
նվագում եմ, նաեւ արվետսագետների հետ է ընթանում իմ շփումը, օրվա
ընթացքում նաեւ երեխաների հետ երաժշտություն եմ պարապում, շարունակ
զբաղվում եմ երաժշտությամբ: Միակ պատճառը, որ ընդմիջվում եմ, դա մեջքիս
ցավերն են (ժպտում է):
— Քո կյանքի՝ վերջին շրջանի մեծագույն հաջողությունը
— Որ նորից կյանք մտա, նորից սկսեցի նվագել, նորից զգում եմ
ներդաշնակությունը երաժշտության հետ: Այս շրջանում հաջողության
գրավականներից մեկն էլ ինձ շատ հարազատ մարդկանցից մեկի խորհուրդն էր մոտ լինել բնությանը, որը կտա հնարավորություն ավելի ներդաշնակ լինել հոգու
հետ, արվեստի հետ, կյանքի հետ: Այդպես էլ եղավ:
— Ո՞րն է քո գլխավոր նպատակը
— Չվախենալ ոչ մի բանից:
— Ի՞նչ տվեց քեզ Միրզոյանական մրցույթը, առավել եւս, որ դու այդ մրցույթի առաջին հաղթողն ես եղել:
— Մրցույթը հետագա իմ բոլոր որոշումների վրա մեծ ազդեցություն թողեց, այն է՝
ավելի խորապես զբաղվել երաժշտությամբ, մասնավորապես՝ կոմպոզիցիայով:
Շեփորն էլի եմ սիրում, բայց հիմնական մասը սկսեցի մտածել ստեղծագործելու
մասին: Մրցույթը նաեւ տարբեր միջավայրերում, տարբեր երաժիշտների հետ
ընդհանուր լեզու տվեց խոսելու, տվեց մեծ երաժշտական դիվանագիտություն:
Տվեց ստեղծագործությունները հանրայնացնելու հնարավորություն
Վերջաբանի փոխարեն…
Կցանկանայի շարունակել շատ ավելի պատասխանատու լինել իմ կողմից
ստեղծվող երաժշտության հանդեպ: Եթե Աստված տա ինչ-որ մեկի վրա
ազդեցություն թողնի իմ երաժշտությունը (կամ թողնում է), ապա կուզեի, որ
ստեղծագործութունս լինի այնքան անկեղծ, մաքուր, պարզ, որ հետագայում
տեսնեմ այդ դրական ազդեցությունը, որ չասեմ՝ այ կուզենայի ավել կամ պակաս
լիներ դրա հաղորդած զգացողությունները: Եթե գործս մտնի ինչ-որ մեկի կենցաղ,
կուզենայի իմ երաժշտությունը դրական անդրադառնար այդ մարդու կյանքի
վրա: