Էդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներ
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 11-15-ը կայացավ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը, որն իր հարկի տակ էր հավաքել թվով 16 հայազգի պատանի կոմպոզիտորի ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից: Մրցութային երկու փուլերի (մայիսի 11,13, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ) ընթացքում Կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասակիցները ներկայացրել են մեկ հայալեզու երգ՝ գրված հայ բանաստեղծի տողերի հիման վրա, և մեկ՝ մինչև 5 րոպե տևողության մենանվագ ստեղծագործություն, իսկ Ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները՝ մեկ անսամբլային (մինչև չորս գործիքի համար) և ցանկացած գործիքի համար մեկ մենանվագ ստեղծագործություն (մինչև 10 րոպե տևողության):
Մայիսի 15-ին «Առնո Բաբաջանյան» համեգասրահում կայացավ մրցույթի Գալա համերգն ու մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հնչեցին մրցանակակիրցների ստեղծագործությունները: Կրտսեր խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հայկ Ջուլհակյանը (դաս.՝ Արփինե Կալինինա), երկրորդ հորիզոնականը՝ Վիլյամ Չիլինգարյանը (դաս.՝ Վահագն Վարդանյան), իսկ երրորդ հորիզոնականը՝ Գագիկ Ավետիսյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան): Խրախուսական պատվոգրի արժանացավ մրցույթի ամենափոքր մասնակիցը՝ 8-ամյա Արիանա Ավետիսյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան): Ավագ խմբում և՛ երկրորդ, և՛ երրորդ հորիզոնականները կիսվեց երկու մասնակիցների միջև: Երրորդ հորիզոնականը զբաղեցրեցին Սյուզաննա Աղամալյանը (դաս.՝ Նաիրա Դիվանյան) և Արեն Աբգարյանը (դաս.՝ Աշոտ Ղազարյան), իսկ երկրորդ հորիզոնականը՝ Գայանե Մխչյանը (դաս.՝ Արամ Հովհաննիսյան) և Վիկտորյա Ուլիխանյանը (դաս.՝ Սաթենիկ Հակոբյան): Ավագ խմբում հաղթող ճանաչվեց Էդգար Մխիթարյանը (դաս.՝ Մարիա Ղուշչյան):
Նշենք, որ բոլոր մասնակիցները ստացան խրախուսական նվերներ, պատվոգրեր, ոլորտի անվանի գործիչների հետ վարպետության դասերին մասնակցելու հնարավորություն, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև մրցույթի անվանական գավաթներ: Հաղթողներն այս ամենից զատ՝ ստացան նաև դրամական պարգևներ: Ի դեպ, դրամական պարգևներով պարգևատրվեցին նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:
Հավելենք, որ Ժյուրիի կազմում էին անվանի մշակութային գործիչներ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վոկալ տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ Աննա Ասատրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԵՊԿ ջազ/փոփ երաժշտության ամբիոնի վարիչ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը, Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը: